Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սա՞ է ձեր բաստիոնը

Սա՞ է ձեր բաստիոնը
25.06.2019 | 01:22

Երբ «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ որոշում են մյուսներին բարեկրթության դասեր տալ, պատկերավոր ասած, ուզում ես գլուխդ առնել ու փախչել: Մեկ տարվա ընթացքում այնքան անհեթեթ ու անտակտ հայտարարություններ լսեցինք, որ առաջիկա 5 տարիներին ոչ մի բառ էլ եթե չասեն, լիուլի բավարար է: Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փորձել է դաս տալ խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչներին, մոռանալով, որ խորհրդարանական ընդդիմությունը հենց նրա համար է, որ իշխանության քիմքին անհաճո ելույթներ ունենա: Պետք չէ ջղաձգվել, նորմալ պետք է ընդունել այս ամենը: Իսկ ինչ կլիներ իմքայլականների հետ, եթե իսկապես գաղափարական, բովանդակային լուրջ քննարկումների ունակ ընդդիմության հետ բախվեին:


Իսկ երեկվա բանավեճի թեման պարզապես զավեշտալի էր: Իշխանության քիմքին հաճելի չէր եղել, որ ընդդիմությունից իշխանության ներկայացուցչի հասցեին «սիրուն աղջիկ» ձևակերպումն էր հնչել: Այս աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություններով եռացող տարածաշրջանում, ուր ամեն վայրկյան կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել, Հայաստանի խորհրդարանը ժամանակ է մսխում ու քննարկում «սիրուն աղջիկ» թեման: Հայտնի ֆիլմի հանգույն, «Է՜, որ սիրուն է, ասեմ սիրուն չէ՞», ի՞նչ եք իրար խառնվել:
Սա դեռ քիչ է, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է. «Այնքան հեգնենք սաղին, որ որևէ մեկին պակաս չթվա. արձագանքն ուժեղ է լինելու»: Ձեզ ի՞նչ է թվում, որ իշխանություն եք, ձեզ ամեն ինչ կարելի է, իսկ մյուս ուժերին` ո՞չ: Մոռացե՞լ եք, թե ժամանակին ձեր ղեկավարը ինչեր էր ասում խորհրդարանում, որքան էր հեգնում ու «կսմթում» իշխանություններին: Հետո էլ ասում եք` ժողովրդավարության բաստիոն եք Հայաստանը դարձրել: Սա՞ է ձեր բաստիոնը: Բարեկրթությունից հոխորտացող Ալեն Սիմոնյանին չէր խանգարի նաև հիշել, ինչ կարգավիճակ ունի ինքը, և ինչ պատասխանատվություն է դա ենթադրում: Երբ «Ազատության» ՌԿ-ի եթերից հայտարարում է, թե «այնպես չէ, որ նրանք չգիտեին, որ Աբխազիան զավթվել է իրենց ներկայությամբ, կամ Օսիան զավթվել է. արհեստականորեն քաղաքական օրակարգ ձևավորվեց, և ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա», հետաքրքիր է` ի՞նչ է մտածում կամ ինքն իր ասածից բան հասկանու՞մ է։


Ներքաղաքական կյանքում անտեղյակությունը, անհեթեթությունները կարելի է մի կերպ «մարսել», բայց տարածաշրջանային այս լարված իրավիճակում մի քիչ խոհեմ ու մտածված լինելը պարտադիր է: Հիմա ու՞մ ասենք, որ Ալեն Սիմոնյանին աշխարհաքաղաքական դասեր տա: Կամ ինչպե՞ս է Ռուսաստանը «զավթիչ» հայտարարող փոխխոսնակը վաղը գնալու և իր ռուս գործընկերների հետ հարաբերվելու, մի բան էլ լուրջ մարդու տպավորություն թողնելու: Բա շուռ չեն գա՞ ու ասի` այստեղ «սիրուն աղջիկը» թեմա չէ, ու՞մ ես զավթիչ համարում, այ ընկեր: Տեսնես էլի՞ է ասելու. «Այնքան հեգնենք սաղին, որ որևէ մեկին պակաս չթվա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ